Հովհաննես Թումանյան

Առաջին ձյունը

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Ամպն ու Սարը

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։

Սարը կամաց
Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

Ծաղիկները

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

Համո Սահյան

Ձմեռնամուտ

Արագած սարն է ամպի մեջ լռել,
Եվ թևերն ամպոտ հողմերը նրա
Մի բեկոր ձմեռ դաշտերից բերել
Շաղ է տվել թաց մայթերի վրա:

Ցուրտ քամիներն են սուրում սարերից,
Բայց իր գարնան մեջ սիրտս այնքան է տաք,
Որ չի տարբերում ձյուն է ոտքիս տակ,
Թե ծաղիկներ են թափվել ծառերից:

Սիլվա Կապուտիկյան

Ձյուն է գալիս փաթիլներով խլրտուն,
Ո՞ւմ եմ հիշել, ի՞նչ եմ հիշել, չգիտեմ.
Ինչ-որ փափուկ մի ջերմությո՜ւն կա օդում,
Ինչ-որ շշունջ, ինչ-որ ժպիտ մեղմադեմ:

Ու չեմ ուզում խորհել, խոսել այս պահին,
Խոհեր չկա՜ն, խոսքեր չկա՜ն, պետք էլ չե՜ն.
Թրթռում են փաթիլները քնքշագին,
Ուզես բռնել՝ կանէանա՜ն, կկորչեն…

Գեղամ Սարյան

Փափուկ ձյուն

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն, 
Զգույշ իջիր դաշտերին, 
Ծաղիկները մտել են քուն, 
Հողն է նրանց անկողին: 

Հանդարտ, կամաց իջիր այնպես, 
Ծաղիկները չարթնանան, 
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ, 
Զգույշ, զգույշ անսահման: 

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Ռափայել Պատկանյան

«Երնեկ, թե այս նոր տարին»

Երնեկ, թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ, թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին վարդ-անդաստան:

Երնեկ, թե այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայի դրոշակ ծածաներ:

Երնեկ, թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:

Հայեր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն։